Գզրավեր բնակատեղին իրենից ներկայացնում է բազմաշերտ, գործնականում ավերման եզրին հասած հուշարձան, որի տարածքից հավաքած նյութերը պատկանում են թե Քուռ-արաքսյան, թե ուշբրոնզ-վաղերկաթիդարյան, թե վաղ միջնադարյան, թե զարգացած միջնադարյան փուլերին:
Աչաջուր դամբարանադաշտի տարածքում հայտնաբերվել են խոշոր չափեր ունեցող սալարկղային դամբարաններ, տարածքում երևում են նաև միւնադարյան գյուղատեղիի հետքեր, որտեղ պահպանվել են խաչքարեր և տապանաքարեր:
Այբասան գյուղատեղիում հայտնաբերվել են հնագույն նյութական մշակույթի մնացորդներ: Գյուղատեղիի մոտակա բլրի վրա պահպանվել են ամրոց- բնակատեղիի մնացորդներ, նկատելի են պաշտպանական պարսպաշարի հետքերը:
Ամրոց դիտակետի հետքեր են նշմարվում Քարհանք կոչվող բլրի մակերեսին:
Գյուղի բուն տարածքում սալարկղային դամբարաններից հայտնաբերված բրոնզեդարյան հնությունների հետ պեղվել է նաև հանրապետությունում եզակի բրոնզե քերիչ: